Կանխվել է անասնագողության դեպք
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաև պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:
Սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: